05/02/2010 17:17
2010-ին սպասվում է զբոսաշրջային հոսքերի 5 % աճ
2009 թ-ին` 2008 թ-ի համեմատ, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 3 %-ով և կազմել 575281: Ինչպես այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ընդհանուր առմամբ, Հայաստան եկողների մեծ մասը` 60 %, սփյուռքահայերն են:
«Մեր երկիր գալիս են նաև Ռուսաստանից, Վրաստանից, ԱՊՀ այլ երկրներից, ինչպես նաև Եվրամիության երկրներից, Իրանից և ԱՄՆ-ից: Աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Սկսել են Հայաստան այցելել Հեռավոր Արևելքի և Սկանդինավյան երկրներից»,- նշեց Մ. Ապրեսյանը և հավելեց, որ հատկապես ակտիվացել են Իրանի քաղաքացիները, զբոսաշրջիկներ են եղել նաև Թուրքիայից:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիների այցելություններին, Մ. Ապրեսյանը տեղեկացրեց, որ 2009 թ-ին զբոսաշրջային նպատակներով Հայաստանից մեկնել է 526 հզ. մարդ, ինչը 1.5-2 %-ով ավելի է նախորդ տարվանից. «Հիմնականում, գնում են ծովային հանգիստ առաջարկող երկրներ»:
«Այս տարի սպասվում է զբոսաշրջային հոսքերի 5 % աճ»,- հայտնեց Մ. Ապրեսյանը:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2009-ին համաշխարհային զբոսաշրջությունը կրճատվել է 4 %-ով, մինչդեռ 2008-ին արձանագրվել էր 2 % աճ: