06/02/2010 10:09
Թեհրանում կքննարկվեն Հայաստանում ներդրումային հնարավորությունները
Փետրվարի 9-10-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի կունենա ARMEX 2010 «Առևտրային և ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագիրը կրող միջազգային համաժողովը:
Ինչպես Aysor-ին հայտնեց Զարգացման հայակական գործակալության Արտահանման խթանման տնօրինության ղեկավար Լուսինե Թումյանը, հայկական պատվիրակությունում, որը գլխավորելու է ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, ընդգրկված են ՀՀ կառավարության և տարբեր ընկերությունների 10 ներկայացուցիչներ:
Լ. Թումյանը նշեց, որ համաժողովի աշխատանքները տարվելու են առանձին բաժիններով` առևտուր և տրանսպորտ, արդյունաբերություն և գյուղատնտեսություն, բանկային համակարգ, ներդրումային հնարավորությունները Հայաստանում:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին տեղի ունեցավ Հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը, որի ժամանակ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Դրանում ներառվել են երեք ռազմավարական ծրագրեր` Հայաստան-Իրան երկաթուղու, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի և նավթամթերքների տեղափոխման խողովակաշարի ու տերմինալի կառուցում:
Նախատեսվում է Հայաստանում իրանական ներդրումները հասցնել մինչև 980 մլն դոլարի: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 4 %-ը բաժին է ընկնում Իրանին, որը Հայաստանի առևտրային գործընկերների թվում 8-րդ տեղ ում է: