10/02/2010 10:29
Էներգետիկայի ԳՀԻ-ն կուսումնասիրի տարածաշրջանային փոխհոսքերը
Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը սկսել է իրականացնել խոշորամասշտաբ մի ծրագիր, որի շրջանակներում ուսումնասիրվելու են Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան տարածաշրջանային էներգետիկ համակարգի փոխհոսքերի մեծությունները և ազդեցությունները: Այս մասին Aysor-ի հետ զրույցում հայտնեց ինստիտուտի գլխավոր տնօրեն Լևոն Եղիազարյանը:
Ծրագիրը մեկնարկել է 2010 թ. հունվարից և կտևի ավելի քան 2 տարի: Այն իրականացվում է USAID-ի աջակցությամբ:
«Շատ հետաքրքիր է մասնագիտական և տնտեսական տեսակետներից երկրի համակարգի ռեժիմների, փոխհոսքերի առումով, առավել ևս, որ մեր համակարգը շուտով 400 կՎտ գծերով կմիանա Վրաստանի էներգետիկ համակարգին, ինչպես նաև Իրանի: Այդպիսի կապ դեռ չենք ունեցել: Այստեղ խնդիրն առնչվում է և՛ մեր զարգացող էլեկտրակայանների հզորություններին, և՛ հարևան երկրների հետ էներգետիկ ոլորտում առևտրային հարաբերությունների կարգավորմանը, և՛ համապատասխան պարամետրերի որոշմանը»,- ասաց Լ. Եղիազարյանը:
Նա նշեց, որ Հայաստանը միշտ ունեցել է էլեկտրաէներգիայի ավելցուկ, որն արտահանել է և «ժամանակին դեռ Ադրբեջանին էլ ենք էլեկտրաէներգիա մատակարարել»:
Լ. Եղիազարյանը տեղեկացրեց, որ ինստիտուտը, հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրները և Հայաստանում էներգետիկ ու տնտեսության զարգացման միտումները, միջազգային օժանդակությունը, մշակում է զարգացման կանխատեսման ծրագրեր, որոնց համար մշակվում են նաև ռեժիմները:
«Կանխատեսումներում հաշվի ենք առնում նաև համակարգում այլընտրանքային էներգետիկ աղբյուրների զարգացումները»,- շեշտեց Լ. Եղիազարյանը:
Անդրադառնալով այլընտրանքային էներգետիկայի հեռանկարներին, մասնավորապես հողմաէներգետիկային, ինստիտուտի տնօրենը նշեց, որ Կոտայքի մարզում գերմանական KfW բանկի աջակցությամբ այս տարի ուսումնասիրվելու է հողմաէներգետիկական ներուժը. 1 տարի կկատարվեն անընդմեջ չափագրումներ` հաշվարկվելու են քամու ուժը, չափը, ուղղությունը, արագությունը, իսկ հետո, եթե արդարացվի, կտեղակայվեն 2 աշտարակներ:
Լ. Եղիազարյանի խոսքով, 2 տարի առաջ նման հետազոտություն արվել է Քարախաչում և այժմ հայ-իտալական ընկերությունն արդեն պատվիրել է ենթակայանի նախագիծը:
«Համակարգը զարգացման ինտենսիվ փուլում է. «Երևանի ՋԷԿ»-ն ապրիլին կգործի, ռեալ է Հրազդանի 5-րդ բլոկը, Արաքսի վրա 2 ՀԷԿ-երի կառուցումը, Լոռի բերդի, Շնողի էլեկտրակայանները 2020-2025 թթ. համար, կարևոր է Իրանի հետ գազ-էլեկտրաէներգիա պայմանագիրը, ՀԷՑ-երում վիճակը գնալով լավանում է, վերակառուցվում է»,- ասաց Լ. Եղիազարյանը:
Նշենք, որ Էներգետիկայի գ/հ ինստիտուտի պատմությունը սկսվում է 1948 թ-ից: 1992 թ-ից ի վեր ԷԳՀԻ-ն գործում է ՀՀ էներգետիկայի նախարարության կազմում, ունի «էներգետիկայի ռազմավարական կենտրոն» մասնաճյուղը: Ինստիտուտի գործունեության ոլորտներն են էներգետիկ համակարգի զարգացման կանխատեսումը, էներգետիկ հզորությունների զարգացման տարբերակների հաշվարկումը, էներգետիկ օբյեկտների գործարար ծրագրերի մշակում և փորձարկումը, սակագների կայունացմանն ուղղված միջոցառումների մշակումը, էներգետիկ համակարգի կայունացման և հուսալիության բարձրացման միջոցառումների մշակումը և այլն: