10/02/2010 15:39
«Ես Ոստիկանապետ չեմ ծնվել, մի օր եկել եմ, մի օր էլ կգնամ»
«Իմ պաշտոնանկության հետ կապված հայտարարում եմ. ինձ համար ոչ մի սև, մութ ամպեր չկան, ես շատ սիրով, լավ տրամադրությամբ իմ աշխատանքն իրագործում եմ, իմ անձնակազմն իմ կողքին է, և լավ կորիզ եմ ձևավորել»,- այսօր ասաց ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ճի՞շտ են ոստիկանապետի սպասվող պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերը:
Ա. Սարգսյանը շեշտեց, որ որևէ խնդիր չկա, պաշտոնանկության մասին որևէ հարց չկա, իրեն պաշտոնանկ կարող է անել միայն երկրի նախագահը. «Ես նրա մոտ ամեն շաբաթ լինում եմ, ամեն առավոտ զեկուցում եմ նախագահին կատարված աշխատանքների մասին, կարծում եմ, ինձնից առանձնապես դժգոհություն չունի, եթե ունենա, կասի ուղիղ»:
Նա նաև վստահեցրեց, որ ինքը ոչ մի տեղից լուրեր չի ստանում իր պաշտոնանկության մասին, և զարմացավ, թե որտեղի՞ց են լրագրողներն ու մարդիկ նման տեղեկատվություն ստանում:
«Սրանք ուղղակի մի քանի արկածախնդիր մարդկանց, կարոտախտով տառապող մարդկանց, այս պաշտոնի հանդեպ սիրավեպ կառուցած մարդկանց ֆանտազիայի արդյունքն է, ուրիշ ոչինչ»,- հայտարարեց Ալիկ Սարգսյանը` հավաստելով, թե ինքը հանգիստ խղճով իր գործը կատարում է և դեռ չի մտածում պաշտոնից հեռանալու մասին:
«Ես Ոստիկանապետ չեմ ծնվել, մի օր եկել եմ, մի օր էլ կգնամ: Հիմա էլ շատ հանգիստ եմ. որ օրն էլ գնամ, պատվով կգնամ, ախ ու դող, լաց ու կոծ ինձնից չեք լսի, շատ հանգիստ կգնամ»,- նշեց ՀՀ Ոստիկանապետը: