11/02/2010 14:45
Ահմադինեժադ. Իրանը դարձավ միջուկային տերություն
Իրանն արտադրեց մինչև 20 % հարստացված ուրանի առաջին խմբաքանակը, և դարձավ միջուկային տերություն, - այսօր հայտարարեց երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` Իսլամական հեղափոխության առթիվ Թեհրանում անցկացվող տոնախմբությունների ժամանակ կայացած իր ելույթում:
Ահմադինեջադի խոսքով, «Իրանը կարող է ուրան հարստացնել նույնիսկ մինչև 80%-անոց մակարդակը, բայց չի անի դա, քանի որ անհրաժեշտությունը չկա»: Բացի այդ, Ինտերֆաքսի հաղորդմամբ, Ահմադինեժադը հայտարարել է Իրանի`մինչև 3,5% հարստացված ուրանի արտադրություն կազմակերպելու պատրաստականության մասին:
Իսլամական հեղափոխության 31-ամյա տարելիցին նվիրված բազմամարդ ցույց է տեղի ունենում այսօր Թեհրանում, - հայտնում է իրանական հեռուստաընկերությունը: Հսկայական թվով մարդիկ հավաքվել են Իրանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներում:
Աղբյուրի տեղեկացմամբ, ցուցարարները բարձրացրել են պաստառներ` ի աջակցություն Իսլամական հեղափոխության, ինչպես նաև` հակաամերիկյան և հակաիսրայելյան կարգախոսներ: Տոնախմբությունը լուսաբանում են ավելի քան հազար թղթակիցներ, որոնցից 300-ը ժամանել են արտասահմանից: