11/02/2010 10:29
Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է
451թ.-ի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը:
Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին` Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին:
«Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. և առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:
Այսօր` Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Այս մասին տեղեկացանք Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմից: