12/02/2010 13:18
«ՄՏՍ» բրենդային հեռախոս` 11.900 դրամով
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտնում է, որ սկսել է «ՄՏՍ» ապրանքային նշանով բջջային հեռախոսների վաճառք: «ՄՏՍ 236»-ը, որպես այդպիսին, հայաստանյան շուկայում առաջարկվող բջջային առաջին հեռախոսն է: Մոդելը չինաստանյան «ZTE» կորպորացիայի կողմից հատուկ մշակվել է «Վոդաֆոն» ընկերության համար և «ՄՏՍ» բրենդի ներքո` կվաճառվի երկու օպերատորների միջև ռազմավարական գործընկերության շրջանակներում: «ՄՏՍ 236»-ը հիմնական հնարավորություններով օժտված հեռախոս է, որի արժեքը կազմում է 11.900 ՀՀ դրամ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամբողջ երկրի տարածքում գործող իր սպասարկման կենտրոնները նախատեսում է օգտագործել նաև մանրածախ առևտրի սեփական ցանցը զարգացնելու համար: Հեռախոսների տարածման այդ մոտեցումը կարևոր է պոտենցիալ բաժանորդների գրավման, առաջարկվող տարատեսակ ծառայություններից օգտվողների թվի մեծացման և ներկա բաժանորդների թվի պահպանման համար: Նման մոտեցումը հնարավորություն է ընձեռում խթանելու դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններ հաճախողների հոսքը և առավել ամրապնդելու ընկերության մրցակցային առավելությունները:
Դասական ոճի, օգտագործման տեսանկյունից դյուրին հեռախոսն ապահովված է գունավոր էկրանով, բազմահնչյուն մեղեդիներով, լապտերով և առօրյա հաղորդակցմանն անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Այն կարող է օգտագործվել միայն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության SIM քարտերի հետ: Հեռախոսի ձեռքբերման դեպքում տրվում է նաև մեկ տարվա երաշխիք:
«Մենք շարունակելու ենք ընդլայնել մատչելի հեռախոսների առաջարկվող տեսականին: Այս մոդելը նախատեսված է երկրի ոչ բարձր եկամուտ ունեցող բնակչության համար, ում անհրաժեշտ են բջջային հաղորդակցության պարզ լուծումներ: Նման հեռախոսն առավել հարմար է թոշակառուներին, ուսանողներին և բարձր դասարանների աշակերտներին: Հանդիսանալով համաշխարհային փորձը և տեղական առանձնահատկությունները համատեղող միջազգային օպերատոր` ՎիվաՍել-ՄՏՍ-ը կիրառում է նաև իր ապրանքանիշը: Այսօր մենք շուկայում ներկայացրեցինք նմանատիպ առաջին հեռախոսը` «ՄՏՍ 236»-ը: Շուկայի տարբեր հատվածների պահանջները բավարարելու համար, առաջիկայում հանդես ենք գալու համանման առաջարկություններով», - նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: