16/02/2010 10:02
ՏՏ ընկերություններ-ՊԵԿ. կրճատվել են փորձաքննության ժամկետները
Երկակի նշանակության ապրանքների արտահանման-ներմուծման դեպքում փորձաքննության ժամկետը 45 օրից կնվազեցվի մինչև 7 օր: Կտրուկ աճել է նաև մաքսային արժեքի պայմանագրային գնով որոշման դեպքերի քանակը` շնորհիվ ՊԵԿ-ից թույլտվություն ստանալու համար 15-օրյա ժամկետի կրճատման, որն այժմ առավելագույնը 2 օր է սահմանվել: Նման համաձայնություն է ձեռք բերվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) համատեղ աշխատանքային խմբի քննարկումների ընթացքում:
Ինչպես Aysor-ին հայտնեց ԻՏՁՄ իրավաբան Արկադի Սահակյանը, կազմվել է երաշխիքային սպասարկման օրենքի փոփոխության նախագիծ, որը մոտ ժամանակներս կուղարկվի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստի քննարկմանը:
«Երկակի նշանակության ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները երկարատև ժամանակ են պահանջում, քանի որ դրանք կապված են օրենսդրական բարեփոխումների հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետք է արտասահմանից մասնագետներ ներգրավի: Մենք այդ ժամանակ համապատասխան առաջարկությունները կուղարկենք ու կփորձենք միասին լուծել խնդիրը»,- ասաց Ա. Սահակյանը` հավելելով, որ ընթացակարգը նույնպես պարզվելու է:
Ներկայումս, ըստ իրավաբանի, բավականին աշխատանք է կատարվել հսկիչ գների մասով: Ոլորտի ընկերությունները ներկայացնում են այն ապրանքների կոդերը, որոնք մաքսային համակարգում ակնհայտորեն բարձր են, կամ`ցածր. «Հետաքրքիրն այն է, որ բազմաթիվ ապրանքներ կան, որոնք իրականից ցածր են գնահատված: Գների ճշտումը բխում է ընկերությունների շահերից: Շուկայական արժեքի խնդիր կա լուծելու, որպեսզի մրցակցությունն առողջ լինի: Սա շահեկան է և՛ բարեխիղճ ներմուծողի, և՛ պետության համար»:
Ա. Սահակյանի խոսքով, կան նաև բազմաթիվ կոդեր, որոնց գները 700-800 %-ով բարձր են: Մաքսային մարմիններն արդեն կիրառում են ճշտված գները:
Նա հայտնեց, որ ՊԵԿ-ը պարզաբանել է Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի դրույթը, երբ սահմանի վրա ԱԱՀ վճարը հետաձգվում էր, ապա խնդիր էր առաջանում հետագայում ընկերությունների մոտ, թե ում պետք է հարկ մուծեն` հարկայինին, թե մաքսայինին, իսկ ապրանքն իրացնելու դեպքում տոկոսներ և տույժեր էին ավելանում:
Ա. Սահակյանը համատեղ աշխատանքային խմբի մի ձեռքբերում էլ համարեց կրթական ոլորտում ներդրումների վերաբերյալ սպասվող փոփոխությունները: Մշակվելու է օրենքի նախագիծ, որը թույլ կտա այդ ներդրումները ծախս համարել:
«Այդ պարագայում շեշտակի կավելանան ներդրումները` հատկապես կրթական և գիտահետազոտական ոլորտներում: ՏՏ ընկերությունները պատրաստ են ներդրումներ կատարել»,- վստահեցրեց Ա. Սահակյանը: