17/02/2010 12:45
«Արարատը» չի մասնակցի գավաթի խաղարկությանը
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությանը մասնակցելու նպատակով հայտերի ներկայացման վերջին ժամկետը փետրվարի 16-ն էր: Ինչպես տեղեկացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Երևանի «Արարատը» պաշտոնական գրությամբ հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը: Այս թիմը, որը նախորդ մրցաշրջանի արդյունքներով դուրս է մնացել ուժեղագույնների մրցաշարից, մարտի 13-ին և 17-ին տնային և արտագնա հանդիպումների արդյունքով 1/4 եզրափակչում հանդես գալու իրավունքի համար պետք է մրցակցեր Դիլիջանի «Իմպուլսի» հետ: Ազատվելով անցումային փուլից` «Իմպուլսն» իրավունք նվաճեց` միանգամից հանդես գալու քառորդ եզրափակչում:
Գավաթի խաղարկությունից «Արարատի» հրաժարվելու պատճառն այն է, որ թիմը, ըստ էության, ամբողջովին կազմալուծվել է: Այն գործնականում գոյություն չունի, և այսօր դեռ հարց է, թե ինչպիսի կազմով է մասնակցելու 1-ին խմբի առաջնությանը:
Այսպիսով` Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում և գավաթի խաղարկությունում հանդես կգան «Փյունիկը», «Միկան», «Ուլիսը», «Բանանցը», «Գանձասարը», «Կիլիկիան», «Շիրակը» և «Իմպուլսը»: Իսկ «Արարատն» իր մասնակցությունը հաստատել է միայն առաջին խմբի առաջնության համար: