17/02/2010 13:47
ՀՀ ՄԻՊ-ը կմասնակցի ՄԻԵԴ-ի բարեփոխմանը նվիրված վեհաժողովին
Հունվարի 13-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական խմբի կողմից հրավեր է ստացել մասնակցելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխմանը նվիրված նախարարների վեհաժողովին, որը տեղի կունենա ս. թ. փետրվարի 18-ից 19-ը` Շվեյցարիայի Ինտերլեյքեն քաղաքում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,Մարդու իրավունքների ազգային հաստատությունը բաղկացած է չորս տարածաշրջանային խմբերից` Ասիական և Խաղաղօվկիանոսյան, Եվրոպական, Ամերիկայն և Աֆրիկյան: Յուրաքանչյուր, այդ թվում` Եվրոպական խմբի ստեղծմամբ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծվեցին առանձին տարածաշրջաններում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների համգործակցության համար` դրանով իսկ նպաստելով վերջիններիս զարգացմանն ու կայունացմանը:
Նշենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Փարիզյան սկզբունքներին համապատասխանության շնորհիվ 2005 թ. դարձել է Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման միջազգային կոորդինացիոն կոմիտեի (ICC) անդամ, որը ստեղծվել էր 1993 թ. Թունիսում կայացած վեհաժողովին` Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը համակարգելու նպատակով: Անդամակցելով Միջազգային կոորդինացիոն կենտրոնին` ՀՀ Պաշտպանի ինստիտուտը ստացել է Ա կարգավիճակ` դրանով իսկ միաժամանակ դառնալով Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական խմբի անդամ:
Եվրպական խումբը նախարարների վեհաժողովին օժտված է դիտորդի կարգավիճակով, որը սակայն վերջին տարիներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Եվրոդատարանի բարեփոխումների վերբերյալ հարցերում` բազմաթիվ առաջարկություններ ներկայացնելով մի շարք սկզբունքային խնդիրների վերաբերյալ: Այն լիազորված է երեք ներկայացուցիչ ունենալ Ինթերլեյքենի վեհաժողովում, և, հաշվի առնելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությունն ու անդամակցությունն այս և մի շարք այլ միջազգային հաստատություններին, ինչպիսիք են Եվրոպական Օմբուդսմանի և Միջազգային Օմբուդսմանի ինստիտուտները, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական խումբը, պաշտոնական հրավերք է ուղարկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի ներկայացուցիչների հետ մեկտեղ մասնակցելու փետրվարին կայանալիք նախարարական վեհաժողովին: