18/02/2010 16:23
Դատական համակարգում «բացարկի ինստիտուտը չի գործում»
«Հայաստանում (խմբ. դատական համակարգում) բացարկի ինստիտուտը չի գործում»,- այսօր հայտարարեց իրավաբան-փորձագետ Հայկ Հարությունյանը կլոր սեղան-քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ, «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում:
Իրավաբան-փորձագետը հայտնեց, որ 2007 թ-ին օրենքում կատարվել է փոփոխություն, ըստ որի, այն անձը, որի դեմ բացարկ են հայտնում, ինքն է որոշում այդ բացարկը, ընդ որում, այդ որոշումը բողոքարկելի չի:
Aysor-ի այն հարցին, թե գուցե՞ այդ հարցը լուծվի Սահմանդրական դատարանում, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Մենք այդ խնդրանքով դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին և հույս ունենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն այդ հարցով կդիմի Սահմանադրական դատարան, որովհետև ՍԴ մենք դիմել էինք, և որոշվել էր, որ այդ նորմը մեր նկատմամբ չի կիրառվել»: