20/02/2010 13:29
«Հայկական Դավոսն»` առանց վարչապետի
Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է ամենամյա «ԿԱՄՈՒՐՋ» միջազգային տնտեսական համաժողովը, որն արդեն անցկացվում է 7-րդ անգամ:
Սակայն համաժողովի բացման նիստն ընթացել է առանց հիմնական զեկուցողի. ավելի վաղ հայտարարվել էր, որ ելույթ է ունենալու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետը համաժողովին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով:
Այսօր և վաղը համաժողովի ընթացքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ` պլենար և սեկցիոն նիստեր, ցուցադրումներ, կլոր սեղաններ, որոնց ընթացքում կքննարկվեն ազգային տնտեսական շահերը, հետճգնաժամային իրականությունում Հայաստանի` տարածաշրջանում ֆինանսական կենտրոն դառնալու հնարավորությունները, Հայաստանի տեղեկատվական միջավայրի զարգացումը` կառուցվածքը և տեխնոլոգիաները, սննդամթերքի արտահանման խնդիրներն ու հեռանկարները, բնակարանային շինարարությունը և հիփոթեքային վարկավորումը որպես տնտեսական աճի կատալիզատորներ, ֆինանսական միջնորդության բարձրացման ուղիները, տնտեսական ճգնաժամը և ՓՄՁ հիմնախնդիրները և այլն: