24/02/2010 14:16
ԱԱԽ-ն և Դատախազությունը համատեղ կաշխատեն
«Ուսումնասիրելով 2009-ի հանցագործությունների ընդհանուր գործառույթները` մենք տեսնում ենք, որ հանրապետությունում գրանցվել է հանցագործությունների թվի աճ, մեծ տոկոս է կազմում քրեական պատասխանատվության ենթարկվածների թիվը: Մեզ համար շատ կարևոր է թվի աճի հետ կապված համապատկերը վերլուծել` դրանք կանխարգելելու ուղղությամբ»,- այսօր Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարեց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ հանցագործությունների հետ կապված հատկապես որոշ խնդիրներ գտնվում են ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես, Ա.Բաղդասարյանն առանձնացրեց այն, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ջանքերի ավելացում պետք է լինի և աշխատանքը պետք է առավել համակարգված դառնա:
«Պետությանը հասցված վնասի փոխհատուցման աշխատանքների ակտիվացում պետք է լինի, անչափահասների շրջանում հանցագործությունների կտրուկ աճի և կազմակերպված հանցավոր խմբավորումների կողմից կատարված հանցագործությունների բացահայտում: Այս խնդիրները շատ լուրջ են»,- թվեց ԱԱԽ քարտուղարը:
Նրա խոսքով, հանցավոր խմբերի ներթափանցումը կանխարգելելու համար պետք է ակտիվանա համագործակցությունն այն երկրների հետ, որտեղից ավելի շատ նման խմբեր են ներթափանցում մեր երկիր:
Արթուր Բաղդասարյանը կարևորեց նաև նախագահի կարգադրությամբ ստեղծված Թմրամիջոցների դեմ պայքարի միջգերատեսչական հանձնժողովը, որի միջոցով թմրամիջոցների տարածման կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները կլինեն ամենօրյա ուշադրության կենտրոնում:
«ԱԱԽ առաջիկա նիստում մենք քննության ենք առնելու նաև զորակոչի կազմակերպման և անցկացման հարցերը ՀՀ-ում, և կարծում եմ, դատախազության հետ համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք ավելի լավ արդյունքներ»,- հավելեց Արթուր Բաղդասարյանը: