24/02/2010 10:01
Եվրոպան գործադուլ է հայտարարել
Այսօր` փետրվարի 24-ին, Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում` Հունաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, սպասվում է գործադուլ և բողոքի մասսայական ակցիաներ: Այս մասին հաղորդում է Վեստի.ռու-ն:
Հունաստանում գործադուլ են հայտարարել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Չի գործում հասարակական տրանսպորտը, փակ են դպրոցները, բանկերը, հեռուստա- և ռադիո- ընկերությունները և այլ հաստատություններ: Արհմիությունների դժգոհությունն է առաջացրել իշխանությունների որոշումը` կրճատել երկրի 13% կազմող բյուջեի դեֆիցիտը` ի հաշիվ քաղաքացիների եկամուտների կրճատման: Բողոքավորներին միացել են նաև ավիափոխադրողները:
Նման իրավիճակ է ստեղծվել նաև Ֆրանսիայում, որտեղ մասամբ կաթվածահար է եղել օդային հաղորդակցությունը: Հատկապես ծանր դրություն է Օռլի և Շառլժդը-Գոլ օդանավակայաններում: Ավիափոխադրողները բողոքում են սպասվող կադրային կրճատումների դեմ:
Գործադուլով են սպառնում նաև British Aitways-ի աշխատակիցները: Վերջիններս դժգոհ են աշխատավարձերի ցածրացմամբ և կադրային կրճատումներով: Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվի գործադուլը:
Ի տարբերություն British Aitways-ի` Lufthansa-ն որոշել է մինչև մարտի 9-ը դադարեցնել գործադուլը:
Իսկ Իսպանիայում արդեն նախօրեին հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ` բողոքելով կենսաթոշակային համակարգի փոփոխությունների դեմ: Իսպանիայի իշխանություններն առաջարկել են կենսաթոշակային տարիքը սահմանել ոչ թե 65, ինչպես մինչ այժմ էր, այլ 67 տարեկան: