24/02/2010 14:22
Վ.Խաչատրյան. Գազի գնի թանկացումը պետք է մեղմեն նոր դոտացիաներով
Գազի գնի թանկացումը կարող է լուրջ հարված հասցնել սոցիալապես խոցելի խմբերին: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:
«Կավելանա երկրում աղքատության շեմն անցած մարդկանց թիվը»,- ասաց նա, նշելով, որ թանկացման առաջին հարվածն իրենց վրա կզգան կենսաթոշակային խմբերը, պետբյուջեի հաշվին ապրող ընտանիքները, մանավանդ որ 2008 թվականից թոշակների կամ աշխատավարձերի բարձրացում չի եղել:
Ըստ բանախոսի, գազի գնի սահմանման առումով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է ունենա լուրջ հակակշիռ` ի դեմս արհմիությունների և հասարակական կազմակերպությունների, որոնք պետք է ներկայացնեն հասարակության լայն շերտերի վերաբերմունքը նոր գների վերաբերյալ:
Վ.Խաչատրյանը «ոչ արդարացված» է համարում գազի գնի 40%-ով բարձրացումը:
«Եթե մենք Ռուսաստանից գազը գնում ենք 180 դոլարով և ազգաբնակչությանը վաճառում ենք 350 դոլարով, ապա որևէ բացատրություն ես չեմ կարող ակնկալել»,- ասաց նա:
Բանախոսը գտնում է, որ խնդիրը պետք է լուծվի կառավարության կողմից դոտացիայի ձևով` սոցիալական որոշ շերտերին օգնությամբ:
«Բայց դա չպետք է լինի այն դոտացիան, որ տրվեց 2005-2007թթ, երբ Հայաստանը կորցրեց «Հայռուսգազարդ»-ում իր բաժնի կեսը»,- եզրափակեց Վ.Խաչատրյանը: