25/02/2010 12:26
Թ. Մանասերյան. «Կարևոր է Ճիշտ ախտորոշումը»
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ տնտեսական ճգնաժամի «պիկը ետևում է մնացել»: Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում նկատվում է տնտեսության ապաքինում, թեև, ըստ նրա, շուտ է խոսել աշխուժացման և կայունացման մասին:
«Հայաստանի հանրապետությունն ունի հնարավորություն տնտեսությունն աշխուժացնելու, գալու կայունացման փուլ և այն կանխատեսումները, որ արված են 2010 թ. համար, իմ համոզմամբ, դրանք համեստ են, եթե օգտագործվեն Հայաստանի բոլոր ռոսուրսները` մարդկային, ֆինանսական, բնական և այլն»,- ասաց Թ. Մանասերյանը:
Բանախոսը Հայաստանում 2009 թ. տնտեսական անկումը չի պայմանավորում միայն համաշխարհային ճգնաժամով և գտնում է, որ «կարևոր է Ճիշտ ախտորոշումը» և պետք է հստակ տարանջատել Հայաստանի ետընթացի պատճառներն ու ֆինանսատնտեսական ճգնաժամից եկող պատճառները: Թ. Մանասերյանը համոզմունք հայտնեց, որ երբ դա կհասկականանք, ավելի իրատեսական կլինի տնտեսական առաջընթացի հասնելը:
Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ Թ. Մանասերյանը նկատեց, որ դրանք չպետք է վնասեն ժողովրդին և կողմ արտահայտվեց սոցիալական տնտեսության մոդելին. «Բոլոր այն ռեֆորմները որ կվնասեն մարդուն, պետք է դադարեցնել»: Նրա խոսքով, կենսաթոշակային բարեփոխումները հարկավոր է իրականացնել տարիքային խմբերով, ինչպես նաև անհրաժեշտ է ժամանակ, քանի որ ունենք փորձի պակաս, բնակչության մի ստվար զանգված աշխատել և ապրել է նախկին համակարգի օրոք և տարեցտարի աշխատունակ բնակչության երիտասարդ հատվածի ուսերին է ծանրանալու հարկերի և սոցվճարների բեռը. «Կտրուկ ցնցումներ չպետք է բերեն»: