26/02/2010 18:48
Հայերի ջարդերի վերաբերյալ քրեական գործերը` Էլեկտրոնային արխիվում
Ավարտվել է 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքները:
Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, արխիվացվել են մի քանի տասնյակ հազար նյութեր` ականատեսների, տուժածների, նրանց հարազատների և իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ և այլ փաստաթղթեր: Վկայությունները վերաբերում են մասնավորապես Սումգայիթում, Գետաշենում, Շահումյանում, Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներում այդ թվում Ադրբեջանի հատուկ ծառայությունների մասնակցությամբ իրականացված վայրագություններին, որոնք դրսևորվել են սպանությունների, բռնաբարությունների, բռնությունների հրկիզումների, ալան-թալանի տեսքով:
Ներկայումս ընթացքի մեջ է արխիվացված նյութերը ՀՀ դատախազության ինտերնետային էջում տեղադրելու գործընթացը: Նախատեսվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2-3 ամսվա ընթացքում, սակայն էջը հասարակության առավել լայն շրջանակների համար բաց կլինի փետրվարի 26-ից, որտեղ շահագրգիռ բոլոր կողմերը, քաղաքացիները ցանկության դեպքում կարող են ծանոթանալ քրեական գործերի նյութերին:
Հարկ է տեղեկացնել, որ վկայություններն և ցուցմունքները տեղադրվում են մասնակի կրճատումներով: Մասնավորապես, քրեական գործերի նյութերի համաձայն՝ հայերի նկատմամբ իրականացված ջարդերը եղել են կազմակերպված Խորհրդային Ադրբեջանի քաղաքական իշխանությունների կողմից, իսկ որոշ տարածքներում դրանք իրականացվել են հենց իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ նախազգուշացնելով ազգաբնակչությանը չպատսպարել և չթաքցնել ազգությամբ հայ հարևաններին՝ սպառնալով հակառակ պարագայում վրեժխնդիր լինել: Նկատի ունենալով, որ, ըստ վկայությունների, առանձին դեպքերում հայերին հաջողվել է փրկվել ադրբեջանցի կամ ռուս հարևանների շնորհիվ և օգնությամբ, չեն հրապարակվում ականատեսների, մասնավորապես, Սումգայիթի նախկին հայ բնակիչների հասցեները և նրանց օգնության ձեռք մեկնած ադրբեջանցիների անունները՝ վերջիններիս անվտանգությունից ելնելով:
Քրեական գործերի նյութերին ծանոթանալու համար կարող եք այցելել: