26/02/2010 11:45
Թուրքիայում ազատ են արձակվել հեղաշրջման փորձում մեղադրվողները
Ստամբուլի դատարանը երեկ ազատ է արձակել Թուրքիայի ՌԾՈՒ և ՌՕՈՒ նախկին գլխավոր հրամանատարներ ծովակալ Օրդեն Օռնեկին և բանակի գեներալ Իբրահիմ Ֆըրթընին, որոնք ձերբակալվել էին հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքով: Այդ մասին հայտնում է ՌՒԱ-Նովոստին` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Պահեստային սպաները ձերբակալվել էին անցած երկուշաբթի 49 գործող և պահեստային այլ սպաների թվում, որոնցից 17-ը` պահեստային գեներալներ և 4 ծովակալներ: Դատարանն արդեն պատժամիջոց է սահմանել նրանցից 20-ի նկատմամբ: Դատական գործընթացը բարդացրել էր կառավարության և բանակի միջև փոխհարաբերությունները: Իրավիճակը շտկելու համար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է վարչապետ Ռ.Թ. Էրդողանի և ԶՈՒ ԳՇ պետ Իլկեր Բաշբուղի հետ:
«Հանդիպմանը մանրամասն քննարկվել են հասարակության կողմից ակտիվորեն քննարկվող հարցեր: Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ ստեղծված խնդիրները կարող են լուծվել սահմանադրական կարգի և օրենքի շրջանակներում, մատնանշվել է յուրաքանչյուրի կողմից պատասխանատվությամբ գործելու անհրաժեշտությունը, որպեսզի թույլ չտրվի իշխանության մարմինների հեղինակազրկումը»,- ասված է Թուրքիայի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ:
Վարչապետը գոհունակություն է հայտնել հանդիպումից, իսկ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպումը դեռ չի մեկնաբանել, - նշում է աղբյուրը: