01/03/2010 12:28
Բացվեց «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետը
Շուրջ չորս տարի առաջ վերակառուցման համար փակված «Վերին Լարս» անցագրային կետը մարտի 1-ից կվերսկսի աշխատանքը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
«Մարտի 1-ից նոյեմբերի 1-ը անցագրային կետը բաց կլինի ամեն օր` Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 6-ից մինչև 22.00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նոյեմբերի 1-ից մարտի 1-ը` ժամը 7.00-ից 19.00-ը: Բացի այդ, կլիմայական պայմանների հաշվառմամբ, նոյեմբերի 1-ից մայիսի 1-ը թույլատրվում է հսկիչ-անցագրային կետով կցասայլով և կիսակցասայլով բեռնատար ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղով մարդատար ավտոտրանսպորտային միջոցների տեղափոխման սահմանափակում», - համաձայն գործակալության, լրագրողներին հայտնել է Հյուսիսային Օսիայի գծով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Սերգեյ Դորոֆեևը:
Նրա խոսքով, համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել վրաց և ռուսաստանյան փորձագետների` Երևանում և Ղազբեգիում /Վրաստան/ Շվեյցարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպումների ժամանակ և հաստատվել է Ռուսաստանի և Վրաստանի ԱԳ նախարարությունների հուշագրերով:
«Քանի որ «Վերին Լարս» անցագրային կետը ավտոմոբիլային է, հետիոտ տեղաշարժումն արգելվում է: Սահմանային գոտում բնակվող` Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար սահմանի հատման պարզեցված կարգ չի գործելու», - եզրափակել է Ս. Դորոֆեևը: