01/03/2010 14:24
Ադրբեջանցիները գովազդում են xocali.net կայքը
Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող կայքերից մեկը կոչեր է անում ջարդել 4 օրվա ընթացքում 15 հազար այցելու ունեցած www.xocali.net կայքը:
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ մի կողմից կայքը տարածում են հայերը, մյուս կողմից` ադրբեջանական կողմը, անգամ Ադրբեջանի ԱԳՆ-ն է հատուկ հայտարարություն արել: Ըստ Մարտիրոսյանի, կայքի թողարկման օրը` փետրվարի 24-ը, «անհաջող օր էր», քանի որ ադրբեջանցիները զբաղված էին իրենց հերթական ցույցերի պաստառների կազմակերպմամբ:
Ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով տարածվող կայքը, Սամվել Մարտիրոսյանի հաղորդմամբ, նախ Ադրբեջանում ընկալվել է որպես հակահայկական կայք և սկսվել է մեծ մասշտաբով գովազդվել:
«Օդնոկլասնիկի.ռու ցանցում նյութ է տարածվել ադրբեջանցիների կողմից, իբր դա հակահայկական կայք է, և քանի որ նրանք չեն կարդում, հիմնականում նկարներ են նայում, մտածել են հակահայկական է, և միայն մեկն է կարդացել ու հասկացել, որ դա հակահայկական կայք չէ»,- պատմեց փորձագետը:
Սակայն երբ պարզ դարձավ կայքի ոչ հակահայկական, այլ պարզապես իրական փաստեր ներկայացնելու և ադրբեջանական խեղաթյուրումները բացահայտելու գաղափարը, միևնույն է, արձագանքը Ադրբեջանում չդադարեց:
Հիշեցնենք, որ www.xocali.net կայքում զետեղված են նյութեր, որոնք ապացուցում են ադրբեջանական կողմի կեղծիքները` Աղդամի, կամ, ինչպես ավելի հայտնի է, «Խոջալուի դեպքերի» շուրջ: