02/03/2010 11:09
Էրդողաղը հայցում է հրեական լոբբիի աջակցությունը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ԱՄՆ այցի ընթացքում, որը նախատեսվում է ապրիլի 14-ին, կհանդիպի հրեական լոբբիի ներկայացուցիչների հետ:
Այդ հանդիպման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն ձեռք է բերվել Թուրքիայի դեսպան Նամիկ Թանայի և ԱՄՆ հրեական հայտնի կազմակերպությունների` ADL, AJC և AIPAC, ներկայացուցիչների հանդիպմանը, հաղորդում է 1նյուզ.ազ-ը, հղում անելով «Սաբահ» թերթին:
Էրդողանի հանդիպումը հրեական լոբբիի հետ, համաձայն աղբյուրի, «խիստ կարևոր է ապրիլի 24-ից առաջ», երբ ԱՄՆ նախագահը պետք է ելույթ ունենա Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության վերաբերյալ:
Թուրքիան հույս ունի ստանալ հրեական լոբբիի օգնությունը` ԱՄՆ հայկական սփյուռքին հակազդելու համար:
Բացի դա, թերթը պնդում է, որ Անկարան կարող է զիջումների գնալ Վաշինգտոնին` Թուրքիայում ՀՀՊ նախագծի շրջանակներում հակահրթիռային ռադարների տեղակայման հարցում` 1915 թ. Ցեղասպանությունը չճանաչելու փոխարեն:
Սակայն Թուրքիան նույնպես մտադիր է օգտագործել իր հաղթաթղթերն ընդդեմ ԱՄՆ-ի: Պարբերականի հաղորդման համաձայն, Վաշինգտոնն Անկարայի կարիքն ունի Աֆղանստանում, Իրաքում իրադրության կայունացման, Իրանի միջուկային խնդրի լուծման, իսլամական աշխարհի հետ հարաբերությունների հաստատման հարցերում:
Այս բոլոր հարցերը կարող են ձախողվել ԱՄՆ կողմից հայերի Ցեղասպանության ճանաչման դեպքում, ինչի մասին Անկարան արդեն նախազգուշացրել է Վաշինգտոնին, հաղորդում է աղբյուրը: