04/03/2010 13:30
Ամերիաբանկը և ՎԶԵԲ-ը տորագրեցին վարկային համաձայնագիր
Ամերիաբանկն այսօր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ 10 մլն դոլար արժողությամբ վարկային պայմանագրի համաձայնագիր ստորագրեց: ՎԶԵԲ -ի հատկացրած 10 մլն դոլարն Ամերիաբանկի կողմից համաֆինանսավորման կարգով ուղղվելու է մասնավոր հատվածի վարկավորմանը:
«Վարկային միջոցներից օգտվելու հնարավորություն կունենան Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդները»,- նշեց Ամերիաբանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Ա.Հանեսյանի խոսքերով, վարկավորման պայմանները դեռևս հստակեցված չեն` դրանք կներկայացվեն մոտ ժամանակներում: «Պայմանները կլինեն գրավիչ»-մասնավորեցրեց բանկի կառավարիչը:
«Այս ծրագրով ՎԶԵԲ-ը մեկ անգամ ևս հաստատում է իր պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը` տեղական ընկերություններին հնարավորություն տալով օգտվել ֆինանսական միջոցներից: Մենք ուրախ ենք, որ Ամերիաբանկը մասնակցում է մեր համաֆինանսավորման ծրագրին`դրանով իսկ հնարավորություն տալով ընդլայնել իր վարկային պորտֆելը»,- նշեց ՎԶԵԲ-ի Միջին Ասիայի, Կովկասյան տարածաշրջանի և Մոնղոլիայի ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն Մայքլ Թեյլորը:
Վարկը տրամադրվել է ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող Multi-Bank Framework Factility երկրորդ ծրագրի շրջանակներում: Ինչպես նշեց ՎԶԵԲ -ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազգլոգը, Ամերիաբանկը թվով 13-րդ հայաստանյան բանկն է, որի հետ համագործակցում է ՎԶԵԲ-ը: Հայաստանի բանկային համակարգում միջազգային ֆինանսական այս ինստիտուտը մինչ օրս ներդրել է 130 մլն դոլար:
Նշենք ,որ Ամերիաբանկի կողմից մասնավոր հատվածին վարկային վերոնշյալ միջոցները կտրամադրվեն առավելագույնը 12 մլն դրամի շրջանակներում: Մեկ վարկի միջին ծավալը կկազմի 1-2 մլն դրամ:
Արտակ Հանեսյանը տեղեկացրեց նաև, որ ՎԶԵԲ-ի հետ արդեն բանակցային փուլի ավարտին են մոտենում փոքր և միջին հատվածի խթանման վարկավորման երկու նոր ծրագրեր` յուրաքանչյուրը` 5մլն-ական դոլար ծավալով: