04/03/2010 15:37
Ուկրաինայում հայկական կոնյակ ավելի շատ են գնում, քան Հայաստանում
Այսօր լրագրողների հետ հանդիպեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Կարևորելով հայ-ուկրաինական փոխհարաբերությունները` նա նշեց, որ հայ և ուկրաինայի ժողովուրդները հնուց ի վեր բարեկամներ են եղել:
«Հարավային Կովկասը այնպիսի տեղ է, որտեղ միահյուսվել են տարբեր երկրների շահերը, այդ թվում Ուկրաինայի շահերը», - ընդգծեց Ա. Բոժկոն և հավելեց, որ Ուկրաինայի շահն է, որ տարածաշրջանում համերաշխություն, խաղաղություն լինի, իսկ եթե խնդիրներ կան, ապա «խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով»:
Ուկրաինայի դեսպանը փաստեց, որ Ուկրաինայի հետ Հայաստանի առևտուրը գտնվում է 4-րդ տեղում, և ըստ նրա` 2008թ.-ին Հայաստանի հետ Ուկրաինայի առևտրական շրջանառությունը կազմել էր 300 մլն դոլար, 2009թ.-ին ընդհանուր առևտուրը նվազել է 31 տոկոսով և հասել է մոտ 200 մլն դոլարի:
Առևտրական ծավալների նվազումը դեսպանը բացատրեց ֆինանսական ճգնաժամով:
Ալեքսանդր Բոժկոն նաև նշեց, որ 2009թ.-ի աշնանը կազմակերպվել էր հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողով, և քննարկվել են շատ հրատապ հարցեր:
Ա. Բաժկոն հույս հայտնեց, որ 2010թ.-ին նույնպես համատեղ կանցկացվի հերթական հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը խթան կհանդիսանա զարգացնելու և ընդհանուր առևտուր հասցնելու 300 մլն դոլարից ավելի:
«Մեր առևտուրը փոխշահավետ է` թե Ուկրաինայի համար, թե Հայաստանի համար», - ընդգծեց Ալեքսանդր Բոժկոն և տեղեկացրեց, որ Ուկրաինայում հայկական կոնյակ ավելի շատ են գնում, քան Հայաստանում:
«Մենք վստահելի գործընկերն ենք հանդես գալիս Հայաստանի համար»,- շեշտեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը: