05/03/2010 09:35
ԱՄՆ Կոնգրեսում հաստատվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին ձայների 23 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը:
Քվեարկությունից առաջ բուռն քննարկումներ ծավալվեցին Կոնգրեսի անդամների կողմից, ովքեր հիմնավորում էին Բանաձևին կողմ կամ դեմ լինելու իրենց որոշումը:
Հատկանշական էր, որ ելույթ ունեցողներից բոլորն ընդունում էին 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված հանցանքը` որպես ցեղասպանություն: Դեմ քվեարկողների մեծ մասը, որպես իրենց որոշման հիմնավորում էին ներակայացնում միայն ժամանակի կամ տեղի ընտրությունը: Նրանք անհանգստացած էին թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների հնարավոր վատթարացմամբ, ինչպես նաև կարծիքներ էին հնչում, որ Բանաձևի ընդունումը կարող է բացասական կերպով ներազդել հայ-թուրքական հաշտեցման սկսված գործընթացի վրա:
Ինչևէ, բանաձևն ընդունված է, ինչն ապացուցում է, որ որևէ աշխարհաքաղաքական շահ չի կարող ստիպել մարդկությանը փակել աչքերը հայ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկի` Հայոց ցեղասպանության իրողության վրա:
Նշենք նաև, որ նիստերի դահլիճում բանաձևի քննարկմանը հետևել են նաև ԱՄՆ-ում Հայաստանի և Թուրքիայի դեսպանները, ինչպես նաև երկու երկրներից պատգամավորական պատվիրակություններ:
1915 թվականից Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերը ենթարկվել են այդ կայսրության իշխանությունների հալածանքներին, որը ոչ այլ է, քան մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցանք` ցեղասպանություն: 1,5 միլիոն հայեր սպանվեցին միայն ազգությամբ հայ լինելու պատճառով: Շուրջ կես միլիոն հայեր բռնեցին գաղթի ծանր ճանապարհը, ինչի հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ձևավորվեցին մեծաթիվ հայ համայնքներ:
Հայոց ցեղասպանությունն ընդունել են մի շարք երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան,Կանադան … Առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ուրուգվայն է: