05/03/2010 11:06
ԱՄՆ հայկական համայնքը ողջունում է հայերի Ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ հայկական ամենահեղինակավոր հասարակական կազմակերպությունները` Ամերիկայի հայկական ասամբլեան (ԱՀԱ) և Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ԱՀԱԿ) կամ «Հայ Դատի» հանձնախումբը ողջունել են ԱՄՆ կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովում բանաձևի հաստատումը, որն ընդունում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանական կայսրությունում հայերի Ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձևը:
«Չնայած թուրքական կառավարության լուրջ լոբբիին, որին աջակցում էին ռազմական կորպորացիաները, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունեց 252 հայերի Ցեղասպանության բանաձևը»,- ասվում է Ամերիկայի հայկական ասամբլեայի հայտարարությունում:
«Այսօր հաղթանակեց ճշմարտությունը: Մենք երախտապարտ ենք հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին և բոլոր այն կոնգրեսականներին, որոնք հանդես եկան բանաձևի ընդունման օգտին, որի հեղինակներն են կոնգրեսականներ Ադամ Շիֆֆը, Մարկ Կիրկը և Ֆրենկ Փալոունը»,- հայտարարել է ԱՀԱ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Հայտարարությունում նաև նշվում է, որ ԱՄՆ համայնքը Կոնգրեսին է հղել նամակ այն մասին, որ Ամերիկայի հայերը միասնական են իրենց կոչում` հայերի Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը հավանության արժանացնելու վերաբերյալ:
ԱՀԱԿ մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը նշել է, որ հայերի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում` դա արդարության հաղթանակն է:
ԱՄՆ հայկական համայնքը մի քանի տասնամյակների ընթացքում ձգտում էր Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչմանը: Սակայն այս քվերակությունը չի նշանակում բանաձևի վերջնական ընդունում` այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով կներկայացվի Ներկայացուցիչների պալատի լիագումար քննարկմանը: Բանաձևի ընդհանուր քննարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Հայերի Ցեղասպանության փաստը ճանաչել են շատ պետություններ: Առաջինը` 1965 թ-ին դա արել է Ուրուգվայը, որին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգները: Հայերի Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: