05/03/2010 09:51
Թուրքիան ետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին
Թուրքիան ետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպան Նամիք Թանին` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի հաստատումից անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է «Euronews» հեռուստաընկերությունը։
Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձևը:
1915 թվականից Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերը ենթարկվել են այդ կայսրության իշխանությունների հալածանքներին, որը ոչ այլ է, քան մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցանք` ցեղասպանություն: 1,5 միլիոն հայեր սպանվեցին միայն ազգությամբ հայ լինելու պատճառով: Շուրջ կես միլիոն հայեր բռնեցին գաղթի ծանր ճանապարհը, ինչի հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ձևավորվեցին մեծաթիվ հայ համայնքներ:
Հայոց ցեղասպանությունն ընդունել են մի շարք երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան,Կանադան … Առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ուրուգվայն է: