06/03/2010 12:27
Մարտի 22-23-ը Սիրիայում կկայանա հայ-սիրիական գործարար համաժողով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում 2010 թ. մարտի 22-23-ը Սիրիայի Հալեպ քաղաքում կկազմակերպվի հայ-սիրիական գործարար համաժողով։ Նույն օրերին կկայանա նաև հայ-սիրիական գործարար խորհրդի նիստը։
Ինչպե Aysor-ին հայտնեց ՀՀ առևտրաարդյունաբերակլան պալատի (ԱԱՊ) գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, արդեն ավելի քան 15 հայկական ընկերություններ ցանկություն են հայտնել մասնակցել համաժողովին:
«Հավաքում ենք խմբերը, գործարարների հետաքրքրություններն ենք ճշտում, թե սիրիական որ ֆիրմաների հետ են ուզում համագործակցել, ինչ սպասելիքներ ունեն: Եվ, միաժամանակ, նույնը ճշտում ենք սիրիական կողմի հետ»,- ասաց Ա. Վարդանյանը` հավելելով, որ մոտ 2 շաբաթ հետո կարելի կլինի ավելի ստույգ խոսել:
Նշենք, որ համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և Հալեպի առևտրի պալատը։
Գործարար համաժողովի և հայ-սիրիական գործարար խորհրդի աշխատանքներում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Համաժողովի հիմնական թեմաներն են` սննդարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, դեղագործությունը, բժշկությունը, զբոսաշրջությունը, կրթությունը և հրահրատարակչությունը, ոսկերչությունը և արհեստագործությունը:
ԱԱՊ-ից տեղեկացանք, որ սիրիական կողմից համաժողովին կմասնակցեն համապատասխան ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք շահագրգռված են Հայաստանի գործարարների հետ նոր տնտեսական կապերի ստեղծմամբ։