08/03/2010 12:10
«Բանանցը» խոշոր հաշվով զիջեց դանիական «Օրսենսին»
Երևանի «Բանանցը», ինչպես արդեն տեղեկացրել ենք, արտասահմանյան երկրորդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում Անթալիայում: Ինչպես և պլանավորված էր, մեր թիմը մարզումներին զուգահեռ նաև ստուգողական հանդիպումներ է կազմակերպում: Հերթական խաղում «Բանանցի» մրցակիցը «Օրսենսն» էր, որը Դանիայի բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում զբաղեցրել է վերջին տեղը:
Խաղը բավական հետաքրքիր ստացվեց: Համառ պայքար էր ծավալվել հատկապես առաջին կեսում: Հաջողությունն ուղեկցեց դանիացիներին, ովքեր բացեցին հանդիպման հաշիվը:
Երկրորդ կեսում «Բանանցը» առաջ նետվեց` պարտությունից խուսափելու համար, սակայն հակագրոհների մարտավարությամբ գործող «Օրսենսը» գերազանց գործեց` ևս երկու անգամ գրավելով հայաստանյան թիմի դարպասը: Այսպիսով` «Բանանցը» պարտվեց 0:3 հաշվով:
Այդ խաղի համար գլխավոր մարզիչ Ստևիցա Կուզմանոսկին այսպիսի կազմ էր ընտրել` Ցվետոմիր Ցանկով, Նիկոլայ Նիկոլով, Դարկո Լովրիչ, Էդուարդ Կակոսյան, Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Սամվել Մելքոնյան, Բետո, Արսեն Բալաբեկյան, Դու Բալա, Դենիրան Օրտեգա: Ընդմիջումից հետո փոխարինման են մտել Արթուր Ոսկանյանը, Սարգիս Կարապետյանը, Վալտեր Պողոսյանը, Սարգիս Նասիբյանը:
Ընկերական հաջորդ խաղում, որը տեղի կունենա մարտի 10-ին, մեր թիմի մրցակիցը կլինի ղրղզական «Դորդոյ-Դինամոն»: Այս մասին հայտնում է «Բանանցի» մամուլի ծառայությունը: