12/03/2010 09:51
Թուրքիան արձագանքել է Շվեդիայի խորհրդարանի ընդունած բանաձևին
Թուրքիան որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Շվեդիայում իր դեսպանին` ի պատասխան այդ երկրի խորհրդարանի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը:
Բացի այդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չեղյալ է հայտարարել Շվեդիա կատարվելիք այցը, որը նախատեսված էր ս.թ. մարտի 17-ին:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Թուրքիայի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում է. «Մենք վճռականորեն դատապարտում ենք Շվեդիայի խորհրդարանում ընդունված որոշումը: Մեր ժողովուրդը և կառավարությունը հերքում են այդ որոշումը, որը զուրկ է հիմքերից և լի է մեծ սխալներով»:
Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ընդունեց բանաձև, որտեղ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որակված են որպես ցեղասպանություն: Ընդունված բանաձևում, որն ընդունվել 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ, նշված է նաև ասորիների և պոնտացի հույների զանգվածային ջարդերի մասին: