13/03/2010 14:01
Ռ. Սաֆրաստյան. «Պետք է մեղադրական ներկայացնենք Թուրքիային»
«Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը մենք չպետք է սպասենք: Եթե աշխարի կարևոր երկրների մեծամասնությունը ճանաչի, մենք պետք է գործընթացը տեղափոխենք միջազգային իրավական հարթություն և մեղադրական ներկայացնենք Թուրքիային` որպես Ցեղասպանություն իրականացրած երկրի իրավահաջորդի»,- այսօր ասուլիսում հայտարարեց թուրքագետ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա ողջունեց Շվեդիայի կողմից Ցեղասպանության ընդունումն ու դատապարտումը և նշեց, որ ամեն մի երկրի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեզ և մեր սերունդների համար հաղթանակ է. «Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այն հանցագործությունը, որ իրականացվեց հայ ժողովրդի նկատմամբ մոտ 100 տարի առաջ, դեռևս չի մոռացվել մարդկության կողմից»:
Ռ. Սաֆրաստյանի կարծիքով, Հայաստանն ու Սփյուռքը պետք է ջանք չխնայեն Ցեղասպանության ճանաչման գործընթացը հնարավորինս լայն և արագ աշխարհում իրականցնելու համար:
«Չեմ բացառում, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը եվրոպական մի շարք երկրներում նույնպես կգտնի շարունակություն, մասնավորապես` խոսք է գնում Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի մասին: 2010 թ. մենք ականատես կլինենք Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակությանն այլ երկրներում ևս»,- հավաստեց Ռ. Սաֆրաստյանը: