15/03/2010 09:50
Վրաստանում ԱՄՆ դեսպանը քննադատել է «Իմեդի» հեռուստաալիքը
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բաասի կարծիքով, «Իմեդի» հեռուստաալիքով շաբաթ օրը հեռարձակված հեռուստասյուժեն, որտեղ ներկայացված էր, թե, իբր, ՌԴ զորքերը ներխուժել են Թբիլիսի, իսկ նախագահ Սահակաշվիլին սպանվել է, «չէր համապատասխանում լրագրողական չափանիշներին»: Այդ մասին, ինչպես հաղորդում է Գազտե.ռու-ն, դեսպանը հայտարարել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Բաասը նշել է, որ ցուցադրվածը «չի նպաստում երկրի անվտանգությանը և անպատասխանատու էր»:
Հեռուստաալիքով տեսածից շոկի մեջ ընկած հեռուստադիտողները պահանջել են զրկել «Իմեդի» հեռուստաալիքը հեռարձակման լիցենզիայից: Սակայն, ինչպես հաղորդում է ՆՏՎ.ռու-ն, հեռուստաալիքի գլխավոր տնօրենը, ներողություն խնդրելով հաղորդման համար, այնուամենայնիվ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: