15/03/2010 09:33
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը Բաքվում կքննարկի ԼՂ հարցը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը` նախագահ Ժոաո Սոարեշի և ԼՂ ու Վրաստանի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի գլխավորությամբ, այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում կքննարկի կազմակերպության հետ Ադրբեջանի համագործակցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցչին, Բաքու կատարած այցի շրջանակներում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի խորհրդարանի ղեկավար Օկտայ Ասադովի հետ:
Հիշեցնենք, որ նախքան Բաքու ժամանելը ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունն այցելել է Վրաստան և Հայաստան:
«Սա Սոարեշի առաջին այցն է տարածաշրջան որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ: Երեք երկրներում բանակցությունները կկենտրոնանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության և պատերազմից հետո Վրաստանում տիրող իրավիճակի շուրջ», - ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: