16/03/2010 12:38
Գերասիմ Ալավերդյան. «Շատ ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա»
«Ես ամուր, շատ ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա: Ես համապատասխան ծրագրեր ունեմ, աշխատում եմ: 2009 թ-ին միակ ոլորտը, որ 0.1 % անկում ուենցավ, դա գյուղատնտեսությունն էր: Մնացած ոլորտների անկումը մոտ 15 % էր: Դա հերյուրանքներ են, չկա այդպիսի բան. ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, իմ կուսակցությունը իմ աշխատանքից գոհ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է, որ ՕԵԿ մյուս նախարարների պաշտոնից հեռացվելուց հետո ինքը դեռ շարունակում է աշխատել, հատկապես շուրջ 2 շաբաթ առաջ ՀՀ կառավարության նիստում վարչապետի կողմից նկատողություն ստանալուց հետո:
Նկատողության հանգամանքը Գ. Ալավերդյանը մեկնաբանեց որպես «աշխատանքային գործընթաց», միաժամանակ, շեշտելով, որ վարչապետի հետ ունի շատ լավ աշխատանքային հարաբերություններ:
«Միջոցներ արդեն ձեռնարկված են. այսուհետ գյուղատնտեսության նախարարության գնումների մրցույթներն անցկացվելու են տեսախցիկների և լրագրողների ներկայությամբ»,- հայտարարեց Գ. Ալավերդյանը` նաև հավաստելով, որ պետական գնումերի գործընթացում հայտնաբերված թերությունների պատճառով բյուջեին վնաս չի պատճառվել, քանի որ 2010 թ. դեռ պատվաստանյութ ձեռք չի բերվել:
Միաժամանակ, նա նշեց, որ գնումների համար չափորոշիչները սահմանվում են միջազգային կազմակերպությունների, Համաշխարհային բանկի կողմից:
Նախարարը նաև հերքեց, որ այդպիսով պարարտ հող է ստեղծվել արհեստական մենաշնորհի համար. «Եթե մենաշնորհային կազմակերպություն լինի, գոնե ես` որպես գյուղատնտեսության նախարար պետք է ճանաչե՞մ, թե՞ ոչ: Ես առաջին անգամ տեսել եմ մրցույթից անմիջապես հետո, երբ հրավիրեցի և ասեցի գինդ իջեցրու: Նա էլ պարզաբանեց»:
Լրագրողների պնդումներից հետո, թե ո՞րն է եղել այդ կազմկերպությունը և ո՞վ է տնօրենը, Գ. Ալավերդյանը պատասխանեց. «Բիոունիվերսալ ՍՊԸ: Տնօրենը` չգիտեմ... Տիգրան Սահակյան»: