16/03/2010 14:10
Հայերի բռնի իսլամացումը հայագիտության մութ էջերից է
Այսօր Երևանում կայացավ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի «Հայերի բռնի իսլամացումը Ցեղասպանության տարիներին. ընթացը և հետևանքները» գրքի շնորհանդեսը:
Հեղինակը նշեց, որ գիրքը նվիրված է Ցեղասպանության տարիներին հայերի բռնի իսլամացմանը: Գրքում խոսվում է այդ գործընթացի ընթացքի և հետևանքների ներկայիս պատկերի շուրջ:
Ինչ վերաբերում է հայերի բռնի իսլամացման թեմային, ապա բանախոսը շեշտեց, որ այս խնդիրը հայագիտության ամենաքիչ ուսումանսիրված թեմաներից է` օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներով, և երկու-երեք տարի է, որ իսլմացված հայերի թեման մուտք է գործել «գիտական օրակարգ»:
«Գրքում առավելապես օգտագործել եմ թուրքական աղբյուրները, այդ թվում և արխիվային փաստաթղթեր` համադրելով հայկական աղբյուրներում եղած նյութերի հետ»,- ընդգծեց Ռ.Մելքոնյանը և հիշեցրեց, որ բռնի իսլամացման գործընթացը տարածաշրջանում սկսվել է, երբ տարածաշրջան են ներթափանցել թյուրքական ցեղերը:
«Հիմնական նպատակը եղել է փոքրամասնությունից վերածվել մեծամասնության. մեծամասնություն ձևավորելու ամենապարզ և ամենաընդունված մեթոդը եղել է բռնի կրոնափոխությունը»,- ընդգծեց թուրքագետը:
Ռ. Մելքոնյանը նաև նշեց, որ հատկապես Հայկական կոտորածների և Ցեղասպանության ժամանակ ակտիվ է եղել բռնի կրոնափոխման գործընթացը, և հավելեց, որ հայերի բռնի իսլամացումը հայագիտության մութ, չուսումնասիրված էջերից մեկն է:
«Բռնի իսլամացումը, հատկապես երեխաների բռնի իսլամացումը, տեղավորվում է Ցեղասպանության կոնվենցիայի 5-րդ կետում, որտեղ ասվում է` մի էթնիկ կրոնական խմբի երեխաներին բռնությամբ այլ էթնիկ կրոնական խումբ տեղախոփելը համարվում է Ցեղասպանություն»,- շեշտեց թուրքագետը: