17/03/2010 11:29
Աթենքում արհմիությունների երթը վերածվել է անկարգությունների
Աթենքում արհմիությունների երթն ավարտվել է զանգվածային անկարգություններով: Դրանց մասնակցել են ավելի քան 1000 ցուցարարներ: Ակտիվիստներն արտահայտել են իրենց դժգոհությունը իշխանությունների ձեռնարկած միջոցառումներից, որոնք ուղղված են երկրի բյուջեի պակասորդի կրճատմանը: Իրավիճակը վերահսկելու համար ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել:
«Մենք չենք վճարի ճգնաժամի համար: Վերացրեք միջոցառումները»,- հունական արհմիությունների կոչն այս գիշեր Աթենքում հնչում էր առավել բարձր:
2000 ցուցարարներ երթ էին կազմակերպել դեպի խորհրդարան: Պետական հատվածի ծառայողները, ովքեր իշխանությունների որոշման համաձայն զրկվել են հավելավճարներից և տոնական վճարներից, հունական մայրաքաղաքի կենտրոնը վերածել են մարտական գործողությունների գոտու: Նրանք հրկիզել են աղբամանները և մեքենաների անիվները, իսկ դեպքի վայր ժամանած իրավապահների վրա նետել են շշեր և քարեր: Ոստիկանությունը ստիպված է եղել գործի դնել մահակներ և արցունքաբեր գազ:
Հունական կառավարության ձեռնարկած միջոցառումները, որոնք ուղղված են այս տարի բյուջեի պակասորդի 4 %-ով կրճատմանը, գովասանքի են արժանացել Եվրամիությունում, սակայն սվիններով են ընդունվել տեղացիների կողմից: Երկրում սկսվել են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի պետական ծառայության աշխատակիցները հայտարարել են 48-ժամյա գործադուլ: Վաղը փողոցներ դուրս կգան տաքսիների վարորդներն ու բենզալցակայանների սեփականատերերը: