17/03/2010 15:19
ՀԲ. 9 մլն դոլար` Հայաստանի հանրային ոլորտի արդիականացմանը
Այսօր Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 9 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը Հայաստանի հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրին (ՀՀԱԾ):
Ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարությանը` բարելավելու հանրային ծառայությունները` կատարողականի վրա հիմնված վճարման համակարգի, քաղաքացիական ծառայողների վարքի կոդեքսի ներդրման, ինչպես նաև կառավարության ամբողջ տեղեկատվությունը հանրությանն ավելի մատչելի դարձնելու միջոցով: Այս մասին տեղեկացնում են ՀԲ երևանյան գրասենյակից:
«Քաղաքացիական ծառայությունը բարելավելու միջոցով կառավարման ամրապնդումը Համաշխարհային բանկի աջակցության գերակայությունների շարքում է, - նշելէ է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը:-Թեև կառավարման ու հակակոռուպցիոն պայքարի ոլորտում որոշակի բարելավում է արձանագրվել` դեռևս կան լուրջ մարտահրավերներ, այդ թվում` պետական պաշտոնյաներին վերաբերող` շահերի բախումը կանոնակարգող օրենսդրության ոլորտում»:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ստեղծված նոր տնտեսական իրողության պայմաններում է’լ ավելի է աճել հանրային վարչարարության բարեփոխումների կարևորությունը, քանի որ հանրային ծախսերի արդյունավետության բարձրացումն ու հանրային ծառայությունների բարելավումը դարձել են անհրաժեշտություն: Որպեսզի հանրային ծառայությունների ապահովումը չտուժի ֆինանսական սուղ պայմաններում, անհրաժեշտ են արդյունավետության բարձրացմանն ուղղված կենտրոնացված ջանքեր:
«Հանրային ծառայությունը բարելավելու համար միայն տեխնոլոգիաների հզորացումը բավական չէ: Ամենակարևորն ու դժվարը վարքը և ծառայողական մշակույթը փոխելն է, - հավելել է Համաշխարհային բանկի` ծրագիրը հեղինակած խմբի ղեկավար Քեթի Լալազարյանը: - Կարևոր է ապահովել արդյունավետ հանրային ծառայություններ հետճգնաժամային վերականգնման ողջ ընթացքում, քանի որ մարդիկ, ավելի քան երբևէ, ապավինում են կառավարության մատուցած ծառայություններին»:
Այս հավակնոտ օրակարգի իրականացմանն է ուղղված ՀՀԱԾ II ծրագիրը, քանի որ, չնայած քաղաքացիական ծառայության ոլորտում ներկայումս իրականացվող ՀՀԱԾ I ծրագրի շրջանակներում արձանագրված առաջընթացին` քաղաքականության ձևակերպման և իրականացման ֆունկցիաներն ամրապնդման կարիք ունեն: Ծրագիրը նաև կնպաստի կարողությունների հզորացմանը կատարողականի վրա հիմնված կառավարման ոլորտում, ինչպես նաև կաջակցի քաղաքացիական ծառայության ոլորտում շահերի բախման կանոնակարգմանն ու կիրարկման բարելավմանն ուղղված Կառավարության ջանքերին:
ՀՀԱԾ II ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ. այն աջակցում է (I) համապատասխան կառույցների ձևավորմանը` պիլոտային հաստատություններում, և գործարարության կառավարման բարելավմանը` ֆունկցիաների համակարգման միջոցով, (II) մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության, հանրային ծառայության ոլորտում էթիկայի նորմերի և աշխատակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացման համակարգերի ներդրմանը, (III) էլեկտրոնային կառավարման և ավտոմատացման համակարգերի հետագա զարգացմանը` հանրության լայն խավերին դրանք մատչելի դարձնելու նպատակով, ծառայությունների մատուցման բարելավմանը, աշխատանքի ավելի թափանցիկ ու արդյունավետ կազմակերպմանը:
Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի Ճկուն վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 10 տարին` արտոնյալ պայմաններով:
Համաշխարհային բանկին 1992թ. և Զարգացման միջազգային գործակալությանը 1993թ. անդամակցելուց հետո Հայաստանին տրամադրված միջոցները կազմում է մոտ 1.318,7 միլիոն ԱՄՆ դոլար: