17/03/2010 09:58
Հայկական պատվիրակները կմասնակցեն WCIT-ին
Մայիսի 25-27-ը Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կկայանա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT): Այս տարի այն անցկացվելու է «Փոփոխության մարտահրավերները» խորագրի ներքո:
Ինչպես Aysor-ին հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանը, հաշվի առնելով, որ ԻՏՁՄ-ն հանդիսանում է WCIT-2010 կազմակերպող կառույցի` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) անդամ, հայաստանյան ՏՀՏ ընկերությունների համար հատուկ մասնակցության պայմաններ են առաջարկվել, մասնավորապես, տրամադրվում է 80 % զեղչ:
Վ. Հովսեփյանը նշեց, որ հայկական պատվիրակության կազմում կինեն ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, հայտեր կան նաև CHS real service, Essential solution կազմակերպություններից:
«Քանի որ այնտեղ հավաքվելու են աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների հզորները, մենք ակնկալում ենք հաղորդակից լինել առաջատար միտումներին, նաև բաժիններ կան, որոնք շատ հետաքրքիր են Հայաստանի համար: Օրինակ` Էլեկտրոնային կառավարում բաժինը, քանի որ Հայաստանը մոտակա 3 տարում շատ մեծ ծրագրեր ունի իրականացնելու այդ ուղղությամբ»,- ասաց Վ. Հովսեփյանը:
Նա կարևորեց նաև CBI-ի հետ համագործակցությունը, կրթական ծրագրերին մասնակցությունը և այլն:
Հավելենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսն իր մեջ ներառելու է 9 թեմատիկ ուղղություններ, որոնք մոտ ապագայի հիմնախնդիրներն են համարվում հեռահաղորդակցության ոլորտի համար` կրեատիվ տնտեսություն, էլեկտրոնային անվտանգություն և ապահովություն, էլեկտրոնային կառավարություն, էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային ներգրավվածություն, էներգիա, շարժական լուծումներ, ջուր և ռեսուրսների համատեղ օգտագործում: