17/03/2010 15:50
Գինեգործության համար 2009-ը ծանր տարի էր
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, անդրադառնալով 2009թ.-ին Հայաստանում գինեգործության իրավիճակին, այն բնորոշեց որպես «ծանր տարի»:
«Գինեգործության մեջ մենք ունեցանք` կոնյակի մասով մոտավորապես 38 տոկոսի նվազում»,- հայտնեց բանախոսը և հավելեց, որ 2008թ-ին Հայաստանում գրանցվել է և Ցարական շրջանի Հայաստանի, և Խորհրդային Հայաստանի ժամանակների ամենաբարձր ցուցանիշը, սակայն, ըստ նրա, 2009թ.-ի ճգնաժամը «մեզ հասցրեց 1902 կամ 1936-ի մակարդակին»:
Ավագ Հարությունյանը տեղեկացրեց, որ 2009թ.-ին Հայաստանը գինու արտադրության ոլորտում գրանցել է աճ` 31 տոկոսով ավելի գինի է արտադրվել, քան 2008թ.-ին:
Բանախոսը անդրադարձավ նաև օղու արտադրությանը և նշեց, որ այն 2000թ.-ից ամեն տարի աճում է` տարեկան մոտ 10-15 տոկոս, և 2009թ.-ի աճը կազմել է 8 տոկոս: Աճ է նկատվում նաև գարեջրի արտադրությունում` 3 տոկոս:
«Ի տարբերություն գինեգործական սեկտորի, մյուս ալկոհոլային սեկտորը տարին փակեց աճով»,- շեշտեց Ավագ Հարությունյանը և տեղեկացրեց, որ չնայած ալկոհոլային խմիչքների բնագավառում արձանագրված աճին, արտահանման առումով 2009թ.-ին կոնյակի արտահանման անկումը եղել է 39 տոկոս, 43 տոկոսով նվազել է սպիրտի արտահանումը և 7 տոկոսով` օղու արտահանումը: