18/03/2010 13:24
Վերին Պրովանսից Բյուրական սպեկտրոգրաֆ կուղարկվի
Բյուրականի աստղադիտարանը շուտով Վերին Պրովանսի աստղադիտարանից կստանա մի շատ մեծ և թանկարժեք սարք` սպեկտրոգրաֆ: Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ այդ սարքին հավակնում էին 5-6 աստղադիտական կենտրոններ, սակայն որոշվել է այն տեղադրել Բյուրականում. «Դա ձեռքբերելուց հետո մեր աստղադիտարանի կարգավիճակը շատ կբարձրանա»:
Հ. Հարությունյանի խոսքով, այդ սպեկտրոգրաֆի միջոցով հայտնաբերվել են մեծ քանակությամբ արտաարեգակնային մոլորակներ, այն զգում է շարժման այնպիսի արագություններ, որ Բյուրականի սովորական սարքերն ի վիճակի չեն գրանցել:
«Դա թույլ կտա լուծել բազմաթիվ դիտողական խնդիրներ, որոնք մինչև այսօր մեր համար երազանք են»,- ասաց Հ. Հարությունյանը:
Խոսելով Բյուրականի աստղադիտարանի խնդիրների մասին, Հ. Հարությունյանը շեշտեց ֆինանսների սղությունը. «ՀՀ կառավարության հատկացրած ֆինանսավորումը էապես ցածր է նորմալ գիտական աշխատանքներ կատարելու համար: Չնայած վերջին տարիերին ինչ-որ քայլեր արվում են, գիտության պետական կոմիտեն սկսել է գումարների հատկացումներ անել նախագծերի տեսքով»:
Նա տեղեկացրեց, որ անցած տարի հայտարարվել է հայ-ֆրանսիական համատեղ ծրագրերի մրցույթ և 10 ծրագրերից 3-ը շահել է աստղադիտարանը: Ներկայումս սպասվում է Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-երի կողմից արձանագրությունների ստորագրումը: Բյուրականի և Իտալիայի մի շարք աստղադիտարանների միջև մոտ 250 հզ. եվրոյի երկու տարվա պայմանագրեր են կնքվել սարքաշության, մեծ դիտակի խնդիրների լուծման և համատեղ աշխատանքի վերաբերյալ:
«Կա նաև մի այլ ուղղությամբ, կրկին իտալացիների հետ, բավականին հեռու գնացող ծրագիր` Հայաստանը տարածաշրջանային կենտրոն դարձնելու մասին: Մենք ցանկանում ենք ստեղծել գիտակրթական կենտրոն»,- նշեց տնօրենը: