18/03/2010 17:01
ՀՀ նախագահն ընդունել է ՎԶԵԲ նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրովի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հաղորդում են, որ հանրապետության նախագահը բարձր է գնահատել մեր երկրում ՎԶԵԲ-ի գործունեությունը, տնտեսության մեջ կատարած ներդրումները` նշելով, որ Հայաստանը դրանց շնորհիվ կարողացել է լուծել զարգացման խնդիրներ: «Այս տարիների ընթացքում բանկի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռել օտարերկրյա ներդրողների մոտ որոշակի վստահություն ձևավորել մեր երկրի ու տնտեսության նկատմամբ: Հայաստանը պատրաստ է շարունակել և ընդլայնել փոխգործակցությունը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Թոմաս Միրովն ասել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեությունն ուղղված է Հայաստանի տնտեսության արդիականացմանը, և բանկը հիմնական շեշտը դնում է մասնավոր հատվածի, միջին ու փոքր գործարարության խթանման վրա: Նրա խոսքով` Եվրաբանկը Հայաստանում կատարել է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ, իսկ անցած տարվա ընթացքում, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, ներդրումների ծավալները կտրուկ ավելացել են:
Թոմաս Միրովը նախագահ Սարգսյանին շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրաբանկի գործունեությանը ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:
Եվրաբանկի նախագահը բարձր է գնահատել ՀՀ նախագահի` կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ գործադրած ջանքերը: Նա նաև ասել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգն այս դժվարին պայմաններում կարողացավ դիմագրավել և ցույց տալ իր ամրությունն ու դիմացկունությունը:
ՀՀ նախագահն ու Եվրաբանկի նախագահը խոսել են նաև Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների, ընթացիկ և հեռանկարային համատեղ ծրագրերի մասին: Թոմաս Միրովն ասել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը, աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ենթակառուցվածքների որակի բարելավմանը: Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ նշվել են ֆինանսական հատվածը, բանկային համակարգը, էներգետիկան, ենթակառուցվածքների զարգացումը: