18/03/2010 15:47
Հայաստանին հաջողվել է զերծ մնալ ճգնաժամի հետևանքներից
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը անդրադարձավ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի «ճգնաժամը հաղթահարված է» և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Ներսես Երիցյանը իր տեղում չէ» արտահայտությունների փոխանակմանը, և նշեց, որ յուրաքանչյուր նախարար ինքն է պատասխանատու իր ոլորտում քաղաքական կառավարման համար և «յուրաքանչյուր տեսակետ հարգանքի է արժանի և յուրաքանչյուր տեսակետ պետք է լսելի լինի, և պետք է նաև հիմնավորված լինի»:
Արտակ Զաքարյանը նշեց, որ քաղաքական այս փուլում, ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամի լինել-չլինելուն, «տարբեր տեսակետների առկայության խնդիր է»:
Նա կարծիք հայտնեց որ Հայաստանին հաջողվել է զերծ մնալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենաբարդ հետևանքներից` սոցիալական նշանակության խնդիրներից և սոցիալական նշանակության ծրագրերի կրճատումից:
Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրաժարականի դիմումի մասին շրջանառվող որոշ լուրերին, ապա Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկություն չունի: