19/03/2010 11:34
Ըննդիմությունը հայց է ներկայացնելու «Իմեդի»-ի և Սահակաշվիլիի դեմ
Վրաստանի ընդդիմադիր ուժերը հայց են պատրաստում` ընդդեմ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և «Իմեդի» հեռուստաընկերության տնօրեն Գեորգի Արվելաձեի:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին այդ հեռուստաալիքով «հատուկ թողարկում» է եթեր հեռարձակվել` իբր ռուսաստանյան զորքերի ներխուժման և նախագահի սպանության վերաբերյալ, ինչը մեծ խուճապ էր առաջացրել երկրում:
Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, ըստ Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն արդար Վրաստանի» ընդդիմադիր շարժման առաջնորդ Զուրաբ Նողայիդելիի, հայցը դատարան կներկայացվի արդեն մույս շաբաթ: Նախկին վարչապետը պահանջել է, որ «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն խնդրի այն քաղաքական գործիչներից, որոնք տեսանյութում դավաճան են ներկայացվել:
«Ժողովրդի կուսակցության» առաջնորդ Կոբա Դավիթաշվիլին պարզաբանել է, որ հայցը ներկայացվելու է ոչ միայն այն պատճառով, որ ընդդիմադիրները դավաճան են ներկայացվել, այլ որ տեսանյութը վտանգել է բազմաթիվ մարդկանց առողջությունն ու կյանքը:
«Հատուկ թողարկման» կապակցությամբ դժգոհություն են արտահայտել նաև ԱՄՆ, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները, որորնք նշել են, որ այն անպատասխանատու է և հեռու լրագրության մասնագիտական չափանիշներից:
«Իմեդի» հեռուստաընկերության դեմ դատական հայց է մտադիր ներկայացնել նաև խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ Վրաստան` ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, ով տեսանյութի հեռարձակման օրն արդեն սկսել է նախապատրաստվել հայցադիմումին: