19/03/2010 09:50
Մոսկվայում կքննարկեն պաղեստինաիսրայելական հակամարտությունը
Մերձավոր Արևելքի հարցով միջազգային միջնորդները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ՄԱԿ, ԵՄ, այսօր Մոսկվայում կքննարկեն պաղեստինաիսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավոր ուղիները:
«Քառյակի» աշխատանքներին ներկա կգտնվեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԵՄ միջազգային հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը, «քառյակի» հատուկ ներկայացուցիչ Թոնի Բլերը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելը:
Մինչ քննարկման մասնակիցները հույս ունեն, որ «քառյակին» կհաջողվի համոզել կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ, վերլուծաբանները և փորձագետները կարծում են, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անուղղակի բանակցությունները դժվար թե հնարավոր լինեն, իսկ «քառյակի» հիմնական խնդիրը պետք է կայանա եղած հակասությունները հարթելու մեջ: