19/03/2010 13:46
«Եթե տնտեսական սահմանը բացվի, լուրջ զարգացումներ կլինեն»
Առաջիկայում Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի, իսկ չբացելու իրական պատճառը ոչ թե Ադրբեջանն է և Ղարաբաղի խնդիրը, այլ այն, որ վախենում են Հայաստանի և Արևելյան Թուրքիայի շփումից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզում հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
«Եթե բացեն էլ, հսկելու են, որ ինտենսիվ առևտուր չգնա»,- ասաց նա:
Հ. Բագրատյանի խոսքով, Թուրքիայի արևելյան շրջանները շատ վատ վիճակում են: Արևելքում լուրջ է քրդական տարրի առկայությունը, թեև մուսուլմանները հաշվվում են 11 մլն, և դա է պատճառը, որ Թուրքիայի հետ առևտուրը խորացնելու դեպքում Հայաստանը զգալի ազդեցություն կարող է ունենալ արևելյան շրջաններում:
Ամեն դեպքում, Հ. Բագրատյանը կարծում է, որ պետք է պատրաստվել, քանի որ թեև դանդաղ, բայց սահմանի բացումն անշուշտ լինելու է. «Կենտրոնական բանկը մեկ լիրա չունի, չկա որևէ բիզնես ձեռնարկ թուրքական խոշոր ընկերությունների մասին, ուսումնասիրություն չկա տնտեսական կառուցվածքի մասին»:
«Եթե տնտեսական սահմանը բացվի, լուրջ զարգացումներ կլինեն: Մենք կստանանք Թուրքիայի հետ 150 մլն դոլարի փոխարեն 1 մլրդ դոլարի առևտուր, զգալիորեն կիջնեն գները»,- նշեց Հ. Բագրատյանը:
Բանախոսը նաև ընդգծեց, որ այսօր հայտնի չէ, թե որքան հայ է այցելում Թուրքիա: Ըստ նրա, Էրդողանը հայտարարեց 100 հզ. հայի մասին, ՀՀ վարչապետն արձագանքեց, թե մի քանի անգամ պակաս են, բայց չգիտենք ստույգ ինչքան է: Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության ինստիտուտի տվյալներով, Թուրքիա են մտնում առավելագույնը 26 հզ. հայեր: Բայց ո՛չ ՀՀ միգրացիոն ծառայությունը, ո՛չ սահմանապահ ծառայությունները չեն ֆիքսում, թե որքան հայ է, թեկուզ երրորդ երկրների միջոցով, գնում Թուրքիա: