19/03/2010 14:31
Վարդան Մինասյան. «Փյունիկում» հիմա 19 ֆուտբոլիստ է մարզվում»
Երևանի «Փյունիկը», ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոր է վերադարձել ուսումնամարզական վերջին հավաքից, որն ակումբի ղեկավարությունը կազմակերպել էր Իտալիայում: Այսօր «Փյունիկի» գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը և թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ռեժինե» հյուրանոցում հանդիպեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ` հավաքների ընթացքում կատարված աշխատանքների մասին խոսելու և լրագրողների հարցերին պատասխանելու համար:
«Մենք գոհ ենք նախապատրաստական փուլում կատարած աշխատանքների արդյունքներից: Թեպետ պլանավորել էինք մի քանի ֆուտբոլիստներով համալրել կազմը, հաջողվեց ձեռք բերել միայն մեկ դարպասապահի: Սա միակ խնդիրն է, որն այս պահին անհանգստացնում է մեզ:
Եթե հիշում եք, ձմռանը ես հայտարարել էի, թե ինչ պատճառով չենք ուզում մասնակցել «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: Մենք, իհարկե, ուզում էինք, որ մեր ֆուտբոլիստները, որոնցից շատերը նաև մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացողներ են, ճիշտ նախապատրաստվեն` Եվրոպայի առաջնության պաշտոնական հանդիպումներին պատրաստ լինելու համար: Եվ այդ մոտեցումը տվեց իր արդյունքը: Դուք տեղյակ եք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականn արտագնա խաղում հաղթեց Իռլանդիայի հասակակիցներին:
Եվ ամենակարևոր բանը, որ միշտ նշում եմ, ինձ համար այն է, որ թիմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան: Առանց այդ էլ «Փյունիկում» հիմա ընդամենը 19 ֆուտբոլիստ է մարզվում: Եթե նկատի ունենանք, որ նրանցից երեքը դարպասապահներ են, պարզ կդառնա, որ յուրաքանչյուր վնասվածք որոշակիորեն կանդրադառնա մեզ վրա»,- շեշտեց Վարդան Մինասյանը` պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին: