20/03/2010 10:05
Հայկական ապրանքների ցուցահանդես` Ատրպատականում
Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը նախնական հրավեր է ստացել Իրանի Ատրպատական նահանգից` այս տարի ապրիլ-մայիսին այնտեղ հայկական ապրանքների ցուցահանդես կազմակերպելու համար: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց ԱԱՊ հասարակայնության հետ կապերի ղեկավար Վրեժ Սարուխանյանը:
«Հրավերը նախնական է, այն պետք է քննարկվի պալատում, որոշվի, թե ի՞նչ ուղղություններ, ի՞նչ բնագավառներ պետք է ներկայացվի, ի՞նչ չափով, ո՞ր գործարարները պետք է գնան: Տեղեկությունը պետք է ամբողջացվի և հստակեցվի»,- ասաց Վ. Սարուխանյանը:
Ըստ նրա, Ատրպատականում կներկայացվեն հայկական և՛ արդյունաբերական ապրանքներ, և՛ սննունդ:
Նշենք, որ այս տարի հունվարին Հայաստանում կայացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությունը: Միջկառավարական հանձնաժողովի արդյունքներով ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր: