20/03/2010 10:40
Օբաման Իրանի ժողովրդին շնորհավորել է Նոր տարվա առթիվ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ելույթով դիմել է իրանական ժողովրդին` արևային օրացույցով Նոր տարվա` Նովրուզի, նախաշեմին և խոստացել է ազատ մուտք ինտերնետ ու առավել սերտ հարաբերություններ երկու երկրների միջև: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրեսին:
Իր ուղերձում, որը հրապարակել է Սպիտակ տունը, Օբաման խոստացել է, որ ԱՄՆ-ը ջանքեր կգործադրի` ստեղծելու «իրանցիների համար ծրագրային ապահովման և ինտերնետ-տեխնոլոգիաների հասանելիություն, ինչը նրանց հնարավորություն կտա շփվել միմյանց և ողջ աշխարհի հետ` չվախենալով գրաքննությունից»:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի Իսլամական հանրապետության իշխանություններն ընտրել են ինքնամեկուսացման ուղի` չնայած Վաշինգտոնի անցած տարվա առաջարկին` հարաբերությունները սկսել նոր էջից:
Սակայն Օբաման ընդգծել է, որ Միացյալ նահանգների` Իրանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկը դեռ ուժի մեջ է, և կրկին մատնացույց է արել այն, որ Թեհրանը պետք է կատարի ատոմային ծրագրի վերաբերյալ միջազգային պահանջները: