22/03/2010 10:49
Բուրջանաձե. «Սահակաշվիլին կրկին պատերազմ կսկսի»
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մարտի 13-ին «ռուսական ռազմական ներխուժման մասին» «Իմեդի» հեռուստաընկերության սադրիչ տեսանյութի առավել հավաստիության համար մտադիր էր Թբիլիսիի փողոցներ տանկեր դուրս բերել: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը` հղում անելով թբիլիսյան «Շաբաթվա ներկապնակ» թերթին:
«Շաբաթվա ներկապնակի» տվյալներով, «ամերիկյան խորհրդականները նրան (Սահակաշվիլիին – խմբ.) խորհուրդ էին տվել դա չանել»:
Մեկնաբանելով այս տեղեկությունները, խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան» դեմոկրատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ «զարմացած չէ դրանից»` հաշվի առնելով «Սահակաշվիլիի հոգեկան վիճակը»:
«Սահակաշվիլին կրկին պատերազմ կսկսի, և դա կկործանի երկիրը»,- հայտարարել է Բուրջանաձեն:
«Օբյեկտիվ» լրագրողների միության նախագահ Իրմա Ինաշվիլին, իր հերթին, պնդել է, որ Միխեիլ Սահակաշվիլին և իր ամերիկյան խորհրդականներն իրենք են նախապատրաստել այդ սադրիչ տեսանյութը: Ինաշվիլին հղում է կատարում Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության կազմում իր աղբյուրներին:
Նշենք, որ Վրաստանի նախագահն ավելի վաղ հերքել էր իր առնչությունն աղմկահարույց տեսանյութին: