22/03/2010 09:32
«Ադրբեջանում շարունակում են փչել պատրանքների փուչիկը»
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի նախագահի կողմից արված մի շարք հայտարարություններին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Հարց. Պարոն Քոչարյան, երեկ Ադրբեջանի նախագահը մի շարք հայտարարություններ է արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ հայտարարությունները:
Պատասխան. Պարոն Ալիևը չկայացած երկխոսության մասին հերթական մենախոսությամբ է հանդես եկել: Այդ մենախոսության համաձայն Ադրբեջանը սկզբունքորեն ավարտել է ինքն իր հետ վարած բանակցությունները և այն ինչի հասել է հիմնականում համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Ճիշտ է որոշ բացառություններով. ամենայն հավանակությամբ ինքն իր հետ էլ չի կարողանում պայմանավորվել:
Ժառանգությամբ ստացված իշխանության անփոխարինելիության սահմանադրական ամրագրումից հետո, նախագահ Ալիևը իրեն իրավունք է վերապահել խոսել ժամանակի, միջազգային իրավունքի, միջնորդների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից:
Բաքուն ձև է անում, թե չի հասկանում Լեռնային Ղարաբաղի անկախությանը այլընտրանքի բացակայությունը` ոչ հիմա, ոչ հարյուր տարի անց, կամ էլ երբևէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան կայացած պետություն է, որը կարողացել է դիմագրավել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը և ագրեսիային: Ադրբեջանը` ստիպված լինելով զինադադար ստորագրել ԼՂՀ հետ, նրա անկախությունը ճանաչել է դեռևս 1994 թ.:
Նախագահ Ալիևի հայտարարությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ կառուցողական երկխոսությանը անպատրաստ լինելու վառ ապացույց են: Ադրբեջանում շարունակում են փչել պատրանքների փուչիկը, որն առաջացել է նավթային ասեղի վրա նստելուց ու հակամարտության էության և բանակցությունների ընթացքի վերաբերյալ անվերջ խեղաթյուրումներից: Չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, որոնք ուղղված են հերթական անգամ նույն փոցխին կանգնելուն: Ադրբեջանը հնարավորություն ունի դուրս բերել զորքերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից և սկսել ԼՂՀ հետ բանակցությունները մինչև պատրանքների, խեղաթյուրումների ու ինքնահավան կերպով սուր ճոճելու փուչիկը կպայթի: