23/03/2010 14:37
100 հազար դրամ` Աչաջուրի շախմատի դպրոցին
Մարտի 20-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում «Նաիրիտ» ՓԲԸ աշխատակիցների և համայնքի շախմատիստների ու շախմատի դպրոցի սաների միջև կայացել է մրցաշար` «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ արհեստակցական կազմակերպության նախաձեռնությամբ: «Նաիրիտը», ինչպես տեղեկացնում են ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, նմանատիպ միջոցառման կազմակերպման փորձ արդեն ուներ. 2008 թ. շախմատային առաջնություն է կազմակերպվել գործարանի աշխատակիցների մասնակցությամբ:
Ու թեև Աչաջուրն էլ իր հերթին էր նախապատրաստվել, մրցույթի առաջին փուլը, որին մասնակցել են 20-ական շախմատիստներ, ավարտվել է «Նաիրիտ» ՓԲԸ–ի հաղթանակով: ՀՀ շախմատի ֆեդերացիայից հրավիրված մրցավարները նույնն են արձանագրել նաև անհատական հաշվարկով. առաջին 3 տեղերն զբաղեցրել են նաիրիտցիները:
Մրցանակային ֆոնդը (100.000 դրամ), որ «Նաիրիտ» ՓԲԸ-ի արհեստակցական կազմակերպությունը նախատեսել էր մրցանակակիրների համար, վերջիններիս որոշմամբ հանձնվել է Աչաջուրի շախմատի դպրոցին: Շնորհվել են նաև պատվոգրեր, ինչպես նաև խրախուսական դրամական պարգև` համայնքի շախմատի դպրոցի ամենակրտսեր սանին: